Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հետազոտական աշխատանքում ներկայացված է կրոնական հավատալիքների ազդեցությունը դեղերի ցուցման և կիրառման գործընթացներում պատմական հիմքերից մինչև արդի ժամանակներ: Դարերի ընթացքում կրոնական հավատալիքները ձևավորել են կուռ վարքագծային կանոններ, որոնք, անգամ օրենսդրությամբ ամրագրված չլինելու պայմաններում, խստորեն պահպանվել են հանրության կողմից՝ որպես հարյուրամյակներով ամրապնդված ավանդութային իրավունքի նորմեր։ Սակայն ծայրահեղ իրավիճակներում կրոնական համոզմունքներին հետևելը հաճախ կարող է վտանգել հանրության կյանքն ու առողջությունը: Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է պատմական և համեմատական վերլուծության մեթոդաբանությունը, հետազոտվել են ավանդական և ոչ ավանդական կրոնական ուղղությունների վարքագծի կանոններ (ավանդութային իրավունքի նորմեր), որոնք կարող են իրական սպառնալիք հանդիսանալ հանրության գոյության համար: Չնայած նրան, որ միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված է կրոնական ազատության նկատմամբ առողջության գերակայությունն, այնուամենայնիվ ներպետական օրենսդրությունները նշված սկզբունքն ուղղակիորեն չեն ամրագրում՝ չքրեականացնելով առողջապահական ծառայությունների դեմ կրոնական քարոզչությունը, դրանով իսկ հանրային առողջությունը չապահովագրելով սպառնացող վտանգից: Հետազոտության արդյունքները բացահայտեցին կրոնական հավատալիքների նկատմամբ առանց վերապահումների հանրային առողջության գերակայության, պետությունների կողմից նշված հրամայականով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ որպես հանրային քաղաքականության ձևավորման, իրավական կարգավորման և առողջապահական միջամտությունների հիմնարար նախադրյալ։ Բանալի բառեր․ դեղերի ցուցման և կիրառման գործընթացներ, հանրային առողջության գերակայություն, կրոնական հավատալիքներ, կրոնական ուղղություն, աղանդավորական շարժում: Ներածություն Դեղերի ցուցման և կիրառման գործընթացներում կրոնական համոզմունքներին հետևելը ոչ միշտ է հանդիասնում կամավոր դրսևորում, շատ հաճախ դրանց հետևում են օրենքով պարտադրված: Շատ կրոնական հավատալիքներ նպաստել են դեղերի ցուցման և կիրառման կանոնները կրոնական գրքերից զատ ներպետական օրենսդրություններում ամրագրելուն կամ ձևավորել են ավանդութային իրավունքի նորմեր, ուստի համապատասխան կրոնական ուղղությանը կամ աղանդավորական շարժմանը պատկանելություն ունեցող բուժառուները շատ դեպքերում օրենքի ուժով կամ ավանդույթներով պարտավորված են հետևել ամրագրված կամ ավանդույթ դարձած վարքագծի կանոններին, հաշվի առնելով, որ դրանցից շեղումները կհանգեցնեն խստագույն պատասխանատվության, հասարակական քննադատության, մինչդեռ երբեմն նման նորմերին հետևելը կարող է առավել վտանգավոր լինել կյանքի և առողջության համար: Իսլամական կրոնական ուղղությունների պարագայում, եթե վերջիններս գերակա դասելով կյանքն ու առողջությունը թույլատրում են որոշակի շեղումներ կրոնական նորմերից կյանքի համար վտանգ ներկայացնող իրավիճակներում, ապա աղանդավորական շարժումների պարագայում հանդիպում ենք ռացիոնալ վարքագծից ծայրահեղ հեռացող համոզմունքների, որոնց հետևանքները նույնքան ծայրահեղ են իրականության մեջ: Ուստի, նախքան այս կամ այն կրոնական համոզմունքի օրենսդրորեն ամրագրումն կամ դրա վերաբերյալ ավանդութային նորմերի ձևավորումն անհրաժեշտ է վերլուծության ենթարկել վերջինիս հետևանքները հանրային առողջության վրա, հաշվի առնելով, որ ներկայումս տարբեր պետությունների օրենսդրություններ կամ արդեն ավանդույթ դարձած վարքագծի կանոններ նշված պայմանը չեն ապահովում՝ ուղղակի սպառնալով մարդկության գոյությանը: Միջազգայնորեն ամրագրված է հանրային առողջության գերակայության սկզբունքը՝ որպես պետությունների և հասարակության համար անշրջանցելի հրամայական։ Հոդվածի արդիականությունը պայմանավորված է կրոնական հավատալիքների նկատմամբ հանրային առողջության առաջնահերթության իրավական հիմնավորման անհրաժեշտությամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ օրենսդրական փոփոխությունների և լրամշակումների համար։</jats:p>