Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է 19-րդ դարի վերջին տասնամյակում հայ հասարակության շրջանում լայնորեն շրջանառվող «Քահանայական հարցի» վերաբերյալ հայ կրոնագիտական և պարբերական մամուլում քննարկվող տեսակետների ուսումնասիրությունն ու Մայր Աթոռի միաբան, աստվածաբան, քննարկվող ժամանակաշրջանում Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ» հանդեսի խմբագիր Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի մոտեցումների ներկայացումն ու վերլուծությունը։ «Արարատ» հանդեսում 1895-1900 թթ. Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի կողմից տպագրված հոդվածների վերլուծության միջոցով ներկայացվել են վերջինիս մոտեցումները Հայ եկեղեցու և եկեղեցականի դերի, հոգևոր դասի բարեկարգման, կուսակրոն հոգևորականության գոյության և անհրաժեշտության վերաբերյալ։ Քննարկվող ժամանակաշրջանի հայ հրապարակախոսական մամուլում շրջանառվող կարծիքների վերհանման նպատակով իրականացրել ենք Թիֆլիսում տպագրվող «Մշակ» և Կ. Պոլսում տպագրվող «Հայրենիք» օրաթերթերի ուսումնասիրությունը։ Հրապարակախոսական մամուլի վերոհիշյալ թերթերի ընտրությունը պայմանավորված է վերջիններիս՝ հայ ազգաբնակչության համապատասխանաբար Արևելյան և Արևմտյան հատվածներում հասարակական կարծիքի ձևավորման վրա ունեցած անհերքելի ազդեցությամբ։ Սույն ուսումնասիրությունն իրականացնելիս կիրառվել են իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացման և համադրմամբ վերլուծության մեթոդները։ Այսպիսով, ուսումնասիրության շրջանակներում անդրադարձ կատարելով հրապարակախոսական մամուլի էջերում տեղ գտած, ինչպես Հայ եկեղեցու հոգևոր դասի ներսում, այնպես էլ հոգևոր-աշխարհիկ դասերի քննարկումներում «Քահանայական հարցի» վերաբերյալ ձևավորված երկխոսությանը և համակողմանի քննության առնելով Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի հրապարակախոսական գործունեությունն ու տեսակետը վերոհիշյալ հարցի առնչությամբ՝ կարող ենք փաստել, որ վերջինս քննարկվող հարցին ցուցաբերել է հնարավորինս օբյեկտիվ մոտեցում՝ հոգևորականի իր դիրքերից չհերքելով Հայ եկեղեցու և հոգևոր դասի ներսում առկա խնդիրները։ Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, իր հրապարակումներում մատնացույց անելով վերոնշյալ խնդիրների առկայությունը, իբրև խնդրի լուծման հիմնական տարբերակ առաջ է քաշել հայկական իրականության մեջ կրթական գործի բարեկարգման կարևորությունը՝ ինչպես հայ հոգևոր դասի ներսում, այնպես էլ հայ ընդհանրական հասարակության շարքերում: Հայ եկեղեցու և հասարակության միջև ձևավորված անջրպետը, որն առավել ակնառու էր 19-րդ դարավերջին, Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանի դիտարկմամբ կարելի էր վերացնել հայկական իրականության մեջ կրթական համակարգի բարեկարգման և հայ հասարակության կրթական մակարդակի լավարկման միջոցով:</jats:p>