Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>1848-1849թթ․ Ավստրիական կայսրությունում բռնկված հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումները լայն արձագանք գտավ ժամանակի հայ հասարակական մտքում և պարբերական մամուլում։ Այդ շարժումներին, այդ թվում՝ խորվաթների ազգային պայքարին անդրադարձան Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներն ու նրանց խմբագրած «Եվրոպա» և «Բազմավեպ» պարբերականները։ Վենետիկի Մխիթարյաններից պատմաբան Ղուկաս Ինճիճյանը խորվաթների ինքնուրույն թագավորություն չունենալու և օտարի տիրապետության տակ գտնվելու իրողությունը բացատրում է նրանց անմիաբանությամբ և երկպառակությամբ։ Նրա կարծիքով խորվաթները, թեպետ, քաջ, համարձակ մարդիկ են ու լավ զինվորներ, բայց իրենց ներսում ոխակալ ու վրեժխնդիր են, որը նրանց խանգարում է համախբել, միավորել և պայքարել անկախության համար։ «Բազմավեպի» խմբագիր Գաբրիել վարդապետ Այվազովսկին անդրադառնալով ավստրիական տիրապետությունից վենետիկցիների ժամանակավոր ազատագրմանը՝ ցավով նշում է, որ նրանց ուրախությունն ու ցնծությունը կարճ տևեց։ Խորվաթ զինվորները անգթորեն ճնշեցին նրանց ելույթը և շատ արյուն հեղեցին։ Մխիթարյան միաբաններ Ամբրոսիոս վարդապետ Գալֆայանը և Գրիգոր վարդապետ Գովրիկյանը, հիմնականում անկողմնակալ դիրքերից, համառոտ ներկայացնում են խորվաթների ազգային շարժումը։ Դրան առավել հանգամանորեն անդրադառնում են Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը և Ղևոնդ վարդապետ Հովնանյանը։ «Եվրոպայի» խմբագիրները պարտավորություն էին ստանձնել քաղաքական իրադարձությունները ներկայացնել անաչառ և անկողմնակալ, հավատարիմ մնալ ստացված լուրերի հավաստիությանը։ Ընդհանուր առմամբ պահպանելով այս ուղեգիծը՝ Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ, Վիեննայի Մխիթարյանները նույն մոտեցումը չեն դրսևորում Ավստրիական կայսրության հպատակ ժողովուրդների պայքարը լուսաբանելիս։ Նրանք չեն խրախուսում կայսրության դեմ հունգարացիների ազատագրական պայքարը։ Մխիթարյանները ճիշտ են ընկալում, որ խորվաթների պայքարն ուղղված է հունգարական կառավարության դեմ։ Նրանք ազգային ինքնավարության համար ոտքի ելած խորվաթներին անվանում են կայսրության հավատարիմ հպատակներ, ովքեր բավարարված ու երջանիկ են Ֆրանց Իոսիֆի շնորհած սահմանադրությունից ու պատրաստ են մեռնելու կայսեր համար։</jats:p>